Ինչն է Հայաստանում տպավորել Ժիզել Ջեքսոնին. ջազ երգչուհու հարցազրույցը համերգից առաջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տոնի առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաճելի անակնկալ է պատրաստել լավ երաժշտության սիրահարների համար: Կասկադում` Գաֆէսճեան քանդակների պարտեզում, այսօր երեկոյան ջազ, բլյուզ, սոուլ, դիսկո, մոթաուն ոճերի յուրօրինակ երաժշտություն է հնչելու անվանի ջազ-երգչուհի Ժիզել Ջեքսոնի եւ Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդի կատարմամբ: Մինչ այդ, հասցրել է հանդիպել խմբի անդամներին, լուսանկարել նրանց եւ Ժիզել Ջեքսոնի հետ զրուցել Ռեյ Չարլզի ու անվանի այլ երաժիշտների հետ համագործակցության, ջազի առանձնահատկության, երեւանյան համերգի եւ հետաքրքիր այլ թեմաների շուրջ:

Նշենք, որ Ժիզել Ջեքսոնը Ռաֆայել Վղեսնիգի բենդի նոր անդամներից է. մոտ երկու տարի է, ինչ երգչուհին միացել է խմբին, եւ միասին համերգներով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում: Մեր զրույցում Ժիզելն ասաց, որ խումբը վաղուց է ձեւավորվել եւ արդեն հարուստ պատմություն ունի. քսան տարուց ավելի է` Վղեսնիգը հանդես է գալիս ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Ասիայում եւ այլուր.«Այս բենդի հետ աշխատանքն ինձ համար մի նոր ուղղություն բացեց` երաժշտական տարբեր փառատոներին մասնակցությունը: Ինձ դուր է գալիս, որ մենք ներկայանում ենք երաժշտական տարատեսակ ժանրերում, չենք սահմանափակվում միայն ջազով»:

Ռաֆայել Վղեսնիգին էլ, ով նույնպես ներկա էր մեր զրույցին, հավելեց, որ իրենք չեն առանձնացնում այն երաժշտական ոճերն ու ժանրերը, որոնցում հանդես են գալիս: Ասաց` իրենք պարզապես երաժշտություն են ներկայացնում` փորձելով համադրել ամերիկյան ակունքներից եկող երաժշտության բոլոր տարրերը.«Մեր նպատակը երաժշտությունը մատուցելն է եւ այնպես անել, որ հանդիսատեսն ուրախություն, բերկրանք ապրի այն լսելիս: Իսկ Ժիզելի մոտ դա շատ լավ ստացվում է»:

Խոսելով երաժշտության հանդեպ իր սիրո մասին՝ Ժիզել Ջեքսոնն ասաց, որ այն դեռ մանկուց է ձեւավորվել, քանի որ հայրը բլյուզի մեծ սիրահար է եղել: Իսկ հետո, երբ մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, պարզվել է` խորթ հայրն էլ ջազի սիրահար է: Այդպես սկսել է արժեւորել ամերիկյան երաժշտությունը, մասնավորապես`ջազը, եւ կրթության տարիներին իր համար բացահայտել է նաեւ ֆանկը, սոուլը, երաժշտական այլ ուղղություններ.«Բարեբախտաբար, մի միջավայրում էի, որտեղ երաժշտությունը շատ-շատ էր: Իսկ երբ լսեցի նաեւ Արետա Ֆրանկլինին, երաժշտությունը դարձավ իմ պաշտամունքի առարկան»:

Նա պատմեց, որ Նյու Յորք տեղափոխվելուց հետո ընդգրկվել է երգչուհիների «Ռեյլեթ» խմբում, որը հանդես էր գալիս Ռեյ Չարլզի հետ այն օրերին, երբ վերջինս արդեն հասել էր իր ամենամեծ բարձունքներին: Նույն բեմում Ժիզելը հանդես է եկել նաեւ Դոննա Սամերի, Ջեյմս Բրաունի եւ մեծանուն այլ կատարողների հետ. «Գլխավոր դասը, որ սովորել եմ նրանցից, հետեւյալն է` նախեւառաջ պետք է ազնվություն լինի արածդ գործում: Երաժշտությունը պետք է ամենից առաջնայինը լինի քեզ համար, դու պետք է կարողանաս պատվել, մեծարել նրան: Եթե դա չես անում, ուրեմն ավելի լավ է չզբաղվես դրանով»,- ասաց երգչուհին:

Խոսելով նաեւ ջազի առանձնահատկությունների եւ իր երաժշտական նախասիրությունների մասին` նա ընդգծեց, որ ջազում մի տեսակ ազատություն կա, որը դժվար է գտնել մյուս ժանրերի դեպքում.«Ճիշտ է, նախկինում ես ավելի շատ էի ջազ կատարումներ ունենում, քան հիմա, բայց ամեն դեպքում ջազն ինձ համար առանձնանում է իր բաց եւ ընդարձակելի լինելով: Իսկ առհասարակ ես հիմա նախընտրում եմ հանդես գալ տարբեր երաժշտաոճերում, փորձում եմ ինձ համար այլ ժանրեր բացահայտել: Չմոռանամ նշել նաեւ դիսկոն, մոթաունը»:

Քանի որ Ժիզել Ջեքսոնն առաջին անգամ էր այցելում Հայաստան, նրանից հետաքրքրվեցինք, թե հասցրել է արդյոք շրջել քաղաքում եւ ինչ տպավորություններ ունի Երեւանից: Ասաց` շատ ժամանակ չեն ունեցել շրջելու, սակայն հասցրել են լինել Հայաստանի պատմության թանգարանում եւ շատ են տպավորվել իրենց լսածից ու տեսածից.«Ուղղակի աննկարագրելի էր, շատ հետաքրքիր էր, բայց քանի որ այլ տեղ էինք շտապում, շուտ ավարտեցինք, չհասցրինք մինչեւ վերջ ծանոթանալ պատմությանը: Բայց մտածում եմ` եթե ժամանակ ունենամ, անպայման կգնամ, կշարունակեմ, քանի որ ուզում եմ տեսնել այդ թանգարանն ամբողջությամբ: Հուսամ` վաղը ժամանակ կունենամ մի փոքր շրջել քաղաքում: Ու նաեւ միշտ էլ կա նորից վերադառնալու տարբերակը:)»:

Վերջում երգչուհին հավելեց, որ մեծ հաճույքով ու անհամբերությամբ է սպասում իրենց երեկոյան համերգին, քանի որ ընտրված վայրն էլ շատ ուշագրավ է. «Շատ ուրախ եմ՝ հայ հանդիսատեսի առջեւ հանդես գալու եւ նրանց մեր երաժշտությունը ներկայացնելու համար: Կարծում եմ`շատ լավ համերգ կստացվի»,- եզրափակեց նա:
https://bravo.am/news/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B6_%D5%A7_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC_%D4%BA%D5%AB%D5%A6%D5%A5%D5%AC_%D5%8B%D5%A5%D6%84%D5%BD%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6__%D5%BB%D5%A1%D5%A6_%D5%A5%D6%80%D5%A3%D5%B9%D5%B8%D6%82%D5%B0%D5%B8%D6%82_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A8_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D6%81_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB_66861

Be the first to comment on "Ինչն է Հայաստանում տպավորել Ժիզել Ջեքսոնին. ջազ երգչուհու հարցազրույցը համերգից առաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ