Աղախանյանի 50 երանգները, կամ ինչպիսին է շոումենի առաջին «սթենդ ափը»

Երգիչ, դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանը, ով նախորդ տարի մեծ տոնական համերգով նշեց իր 50-ամյակը, որոշել է այս անգամ «stand up» ներկայացման ձեւաչափով խոսել իր կյանքի եւ անցած ուղու մասին: «Աղախանյանի 50 երանգները»՝ այսպես է կոչվում հաղորդավարի կատակերգական նոր ներկայացումը, որի պրեմիերան երեկ էր՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու զրուցել Գրիշա Աղախանյանի եւ ռեժիսոր Կարո Բալյանի հետ:

Ներկայացման վերնագիրն արդեն հուշում էր, որ Գրիշան հնարավորինս անկեղծ է լինելու հանդիսատեսի հետ: Նրա շոուն, իհարկե, հագեցած էր երաժշտական ու պարային կատարումներով, որոնցից մեկով էլ սկսվեց միջոցառումը: Հաղորդավարն իր խոսքը սկսեց նախաբանով՝ նկատելով, որ անկեղծ զրույցի համար լավագույն ձեւաչափը հենց «stand up»-ն է.«Դարերով եկած բան է՝ ճշմարտությունն ասելու ամենաիդեալական ձեւը կատակն է»: Եվ իսկապես, ներկայացման ողջ ընթացքում Գրիշա Աղախանյանը կատակեց իր անձնական կյանքի եւ գործունեության հետ կապված բազմաթիվ թեմաներով՝ տեղ-տեղ հանդես գալով նույնիսկ անկեղծ ինքնահեգնանքով:

Մեզ հետ զրույցում Գրիշան խոստովանեց, որ տասը տարուց ավելի է՝ մտածել է «stand up» շոուի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել.«Միշտ կարծել եմ, որ այդ ձեւաչափն ինձ մոտ լավ կստացվի: Վերջը հավաքեցի մտքերս, փողերս ու որոշեցի անել (ժպտում է,- հեղ.): Իհարկե, մինչեւ չխաղաս, պարզ չի լինի`ստացվում է, թե ոչ, իմն է, թե իմը չէ: Այսօր ու վաղը քննարկումներ կլինեն, եւ կհասկանանք` որքանով հաջողվեց ներկայացումը: Քանի որ սա իմ առաջին «stand up»-ն էր, որոշեցինք կենսագրական դրվագների վրա ամեն ինչ կառուցել` գեղարվեստականորեն մշակած»:

Նրանից հետաքրքրվեցինք` նախատեսում է արդյոք հետագայում ընդլայնել ներկայացման թեմաների շրջանակը, կամ էլ առաջիկայում հանդես գալ քաղաքական «stand up»-երով: Աղախանյանն ասաց, որ թեմաներն ընդլայնելու միտք ունեն, սակայն չեն ցանկանում` շոուն մեկ ժամից ավելի տեւողություն ունենա` հանդիսատեսին չձանձրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական շոուին, ապա այդ մասին եւս մտածում է, սակայն դեռ հստակ որոշում չկա: Գուցե հաջորդ ներկայացման մեջ ավելացնի նաեւ քաղաքական տեքստեր:

Նշենք, որ ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, ով թեեւ առաջին անգամ է համագործակցում Գրիշա Աղախանյանի հետ, սակայն կարծում է` իրենց համատեղ աշխատանքը լավ է ստացվել.«Ամեն ինչ ավելի լավ էր այն իմաստով, որ Գրիշան շատ պահանջկոտ է: Չնայած նրան, որ ձեւաչափը «stand up» է, այսինքն` թատերական ներկայացում չէ, բայց իր այդ պահանջկոտությունը միշտ զգում ես: Երբեմն մտովի հիշում եմ Ռուսաստանում արված իմ գործերը, քանի որ այնտեղ նույնպես ամեն ինչ խիստ էր, զգում էի գործընկերներիս պահանջկոտությունը»:

Հիշեցնենք, որ «Աղախանյանի 50 երանգները» ներկայացումը Դրամատիկականի բեմում է լինելու նաեւ այսօր` հունիսի 13-ին: Իսկ երեկ` ներկայացման ավարտին, Գրիշայից հետաքրքրվեցինք, թե դեռ որքան ժամանակ է պատրաստվում խաղալ իր առաջին «stand up» շոուն: Նա նշեց, որ հանդիսատեսի արձագանքը ցույց կտա.«Եթե սիրվեց, տարածվեց, շատ երկար էլ կարող ես խաղալ՝ 20-30 ներկայացում: Եթե այդքան էլ չընդունվեց, շատ քիչ կխաղաս, ու կսպառվի: Ժամանակն ու ընթացքը ցույց կտան»,- եզրափակեց նա:
https://bravo.am/news/%D4%B1%D5%B2%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_50_%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8__%D5%AF%D5%A1%D5%B4_%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6_%D5%A7_%D5%B7%D5%B8%D5%B8%D6%82%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6__%D5%BD%D5%A9%D5%A5%D5%B6%D5%A4_%D5%A1%D6%83%D5%A8___39862

Be the first to comment on "Աղախանյանի 50 երանգները, կամ ինչպիսին է շոումենի առաջին «սթենդ ափը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ