ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եվ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին:
Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով:
Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասաց դեսպանը: Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նաև հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպած խորհրդարանական լսումները: «Երեկ ՀՀ Ազգային ժողովում ընթացան ԵԱՏՄ ինտեգրացիոն խնդիրների վերաբերյալ առաջին խորհրդարանական լսումները:
Անցավ առարկայական քննարկում կառավարության անդամների, ԵԱՏՄ անդամ երկրների և ՉԺՀ դեսպանների, փորձագետների, հասարակական սեկտորի անդամների միջև, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր առնչվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիային:
Պետք է ասեմ, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփման մեջ են մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունների համատեղ միջոցառումների շրջանակում»,- նշեց Կոպիրկինը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը: «2018թ. տվյալներով մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առևտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Հայաստանի Հանրապետությունը 2019թ. ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը:
https://shamshyan.com/hy/article/2019/06/11/1127103/#

Be the first to comment on "ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ