Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Звезда» հեռուստաալիքին

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հարատև արժեք են, որը չի կարող ժամանակի հետ փոփոխության ենթարկվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ռուսական դարավոր պատմություն ունեցող հարաբերություններին, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարներին:
— Առաջին հարցը ռուս-հայկական հարաբերությունների մասին է: Ինչպե՞ս եք գնահատում այս հարաբերություններն ու զարգացման ի՞նչ հեռանկարներ կան: -Ես գնահատել, գնահատում և ապագայում էլ գնահատելու եմ դրանք որպես կոնստանտ: Դրանք մշտական են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմականորեն եղբայրներ ու բարեկամներ ենք:
Զենքի բարեկամներ: Ճակատագրի բարեկամներ: Հավատքի բարեկամներ:
Ես գնահատում եմ հարաբերությունները որպես հարատև արժեք, որը ժամանակի հետ չի կարող փոխվել:
Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի և ապագայի մի մասն են:
— Այսօր ի՞նչ հեռանկարներ ունի երկիրը: Ինչպե՞ս եք այն գնահատում:
— Պատասխանը մեկն է. երկիրն ունի հսկայական ներուժ, ես տեսնում եմ զարգացման մեծ պոտենցիալ:
Եվ մի քանի պատճառով:
Կարող եմ ձեզ հետ կիսվել դրանցից մեկով կամ երկուսով:
Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է յուրաքանչյուր մեծ դժվարությունից, անգամ մեծ ողբերգությունից՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո վերածնվել:
Ողջ աշխարհում հայերի սփռվելուց հետո երկիրը վերածնվեց իբրև Փյունիկ և նայում է առաջ: Միշտ առաջ: Այս ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, սակայն կարծում եմ՝ մենք մի ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել բարդությունները:
Թե՛ ինքնուրույն, թե՛ ընկերների հետ: Իսկ Ռուսաստանը մեր ընկերն է: Կարծում եմ՝ 21-րդ դարում մենք կարող ենք շատ առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը գուցե և փոքր, բայց համաշխարհային ազգ է:
Որքան Հայաստանում, մոտավորապես նույնքան հայեր էլ բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանց մի մասը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, քանի որ նրանք պետք է նախ և առաջ լինեն Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ և, բնական է, որ երբեք չմոռանան իրենց պատմական արմատներն ու մշակույթը:
Հայերը շատ են նաև Ամերիկայում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, Եվրոպայում և Հեռավոր Արևելքում:
Ամենուր:
Դա մեծ ուժ է:
1-րդ դարն այն ժողովուրդներինն է, որոնք կապեր ունեն ողջ աշխարհում:
Սա այն ժողովուրդների դարն է, որոնք գիտեն ջանալ և հաղթահարել դժվարությունները:
Դարն է այն ժողովուրդների, որոնք կարողանում են պայքարել՝ հանուն իրենց ու իրենց ընկերների:
Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագան պետք է պայծառ լինի: Նախագահից այլ պատասխան դուք չէիք էլ կարող ակնկալել:
— Ավելի վաղ նշվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումների:
Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում:
— Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի կարծիքը:
Այն, ինչ կարող եմ մեկնաբանել, հետևյալն է՝ ռուսական բիզնեսը Հայաստանում է արդեն շատ երկար տարիներ:
Եվ աշխատում է հիմնարար կերպով: Կան ներդրումներ տարբեր երկրներից՝ և՛ Եվրոպայից, և՛ Հեռավոր Արևելքից, և՛ Մերձավոր Արևելքից, և՛ Ամերիկայից:
Սակայն ռուսական բիզնեսը միշտ էլ եղել է, և ինչ-որ առումով մենք շատ հաճախ չենք էլ նկատել այն, ասես այդ բիզնեսը ներքին էր:
Ընդ որում, Հայաստանում ներդրումներ էին արել ոչ միայն մաքուր ռուսական ընկերությունները, այլև այն ռուսական ընկերությունները, որոնց կազմում կան ազգությամբ հայեր:
Դրանք շատ մեծ ներդրումներ են, և կարծում եմ, որ ապագայում էլ քիչ չեն լինի: — Կարդացել եմ, որ առաջիկայում մտադիր եք այցելել Մոսկվա:
Ընդհանրապես, որքա՞ն հաճախ եք լինում մեզ մոտ և ի՞նչ կուզեիք առաջին հերթին տեսնել մեր երկրում:
— Առաջիկայում պաշտոնական այց չունեմ, սակայն Մոսկվայում շատ հաճախ եմ լինում:
Եվ չեմ կարծում, որ Մոսկվան ու Պետերբուրգն այն քաղաքներն են, որտեղ կուզեի լինել ինչ-որ բան նայելու համար, քանի որ դեռ մանուկ հասակից, երբ հորս հետ առաջին անգամ Լենինգրադում ու Մոսկվայում էի, շատ լավ գիտեմ այդ քաղաքները: Այնուհետև արդեն ուսանող էի՝ ասպիրանտ:
Բացի այդ, մեր ընտանիքում հստակ պատմություն կա՝ կապված Ռուսաստանի հետ, այն սերում է մեր նախնիներից, պապիկից և ավարտվում է իմ որդիներով:
Այդ պատճառով, ես լինում եմ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում՝ իբրև տանը:
Իսկ ի՞նչը տեսնելու ցանկություն է ամեն անգամ առաջանում:
Դե… գուցե մի լավ համերգ: Ես ամեն ինչ սիրում եմ:
Դասական երաժշտություն:
Երբ վերջին անգամ կնոջս հետ Մոսկվայում էի, այցելեցինք Մեծ թատրոն՝ դիտելու «Աննա Կարենինա» ֆենոմենալ ստեղծագործությունը:
Այդ ներկայացումը թե՛ իմ, թե՛ կնոջս համար բացարձակ անսպասելի էր:
Եվ ես կուզեի, որ թե՛ Պուշկինի թանգարանը, թե՛ Տրետյակովյան պատկերասրահը ավելի շատ ցուցադրություններ բերեին Երևան:
https://shamshyan.com/hy/article/2019/05/14/1124764/

Be the first to comment on "Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Звезда» հեռուստաալիքին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ