Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությանը.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Նախագահը ողջունել է միջազգային հեղինակավոր խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան և մանրամասներ ներկայացնել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին: «Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը:
Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը:
Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ: «Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր: Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք»,-ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:
«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը շահույթ չհետապնդող, անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը:
Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:
Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:
https://shamshyan.com/hy/article/2019/05/13/1124675/

Be the first to comment on "Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությանը."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ