Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն. ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։
1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:
Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։
Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը:
Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և պնդեցին դրանք հարգելու կարևորության վրա: Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին:
Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։ Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։
Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում։
https://shamshyan.com/hy/article/2019/05/12/1124589/

Be the first to comment on "Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն. ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ