Մեդալներ ու ռեկորդներ Բաթումիից. Ստացված Եվրոպայի առաջնությունը

Յուրաքանչյուր մեդալի հետեւում հսկայական ջանքեր ու աշխատանք է դրված: Թեեւ իրենց դրսեւորելու համար մարզիկներն ընդամենը րոպեներ են ունենում, բայց դրան հասնելու համար ամիսներ են անցկացնում մարզադահլիճներում:

Այս անգամ Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում Mediamax Sport-ն ականատես է եղել ծանրորդների տիտանական ջանքերին, բարձրացրած ահռելի կիլոգրամներին ու մեդալներին:

Թիմային պայքարում Հայաստանը 3-րդ տեղն է գրավել, ռեկորդներ սահմանել, ունեցել նորամուտը նշող մարզիկներ ու նվաճել բոլոր գույնի մեդալներ: Հենց այդ մասին էլ պատմելու ենք այսօր:

Տղամարդկանց հավաքական

Արմեն Գրիգորյան (73 կգ)

18-ամյա Արմեն Գրիգորյանի համար սա Եվրոպայի մեծահասակների առաջին առաջնությունն էր: Պատանիների ԱԱ-ի հաղթող ու Մ-20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն ծանրորդի առաջին փորձությունը կարելի է ստացված համարել:

Թեեւ մեդալակիր չդարձավ ու ռեկորդներ չսահմանեց, բայց զգաց հարթակն ու փորձեց ուժերը: Նա երկամարտի 310 կգ-ով գրավեց 9-րդ տեղը:

Իր մրցելույթն ավարտելուց հետո նա միշտ տրիբունաներում էր ու հետեւում էր թիմակիցների ելույթներին:

Կարող էի ավելի լավ մասնակցել, բայց չափազանց լարված էի: Կարծում եմ նաեւ քիչ էի մարզվել, դա էլ ինձ խանգարեց: Մարզումների ժամանակ ավելին էի բարձրացրել: Այս առաջնությունն ինձ կօգնի ավելի քրտնաջան մարզվել ու պատրաստվել Աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)

Դժվար է պատկերացնել առաջին անգամ մեծահասակների պայքարին մասնակցող այսքան վստահ ու հասուն մարզիկի, ինչպիսին Հարությունյանն էր: Լիակատար հանգստություն ու կենտրոնացում, այսպես կարելի է բնութագրել 18-ամյա ծանրորդի մասնակցությունը:

Հրումում ծանրորդը 2 անգամ երիտասարդների ռեկորդ սահմանեց ու երկամարտի 344-ով 8-րդը եղավ:

Կարծում եմ լավ հանդես եկա, իմ ելույթից գոհ եմ: Հրում վարժությունում ինձ ավելի ուժեղ ու վստահ եմ զգում, շատ հաճելի է, որ կարողացա 6 կիլոգրամով թարմացնել երիտասարդական ռեկորդը: Շատ հանգիստ էի ինձ զգում, ոչ մի ճնշում չկար, որ առաջին անգամն եմ ելույթ ունենում մեծահասակների պայքարում:Երիտասարդների ԱԱ-ում նպատակս արդյունքերս ավելի բարելավելն է, քանի որ պայքարելու եմ մեդալների համար:

Անդրանիկ Կարապետյան (81 կգ)

Նա Եվրոպայի առաջնությանը 2-րդ անգամ չեմպիոն դառնալու համար էր մեկնել, սակայն շատ զավեշտալի սխալի պատճառով նույնիսկ չկարողացավ մասնակցել մրցաշարին:

Թեեւ իր պատրաստվածությամբ եւ ուժով Կարապետյանը ոչ մեկին չի զիջում, սակայն սպորտային բախտը միշտ երես է թեքում մարզիկից: Այս անգամ նա անձնական քաշի պատճառով չհայտավորվեց ԵԱ-ին, այն թույլատրելիից մի քանի գրամ ավել էր:

Հակոբ Մկրտչյան (89 կգ)

Այս քաշային կարգում Հայաստանը միանգամից 2 մեդալ նվաճեց՝ ոսկե ու բրոնզե: Մկրտչյանը հաղթողի հիմնական հավակնորդներից էր ու հուսախաբ չարեց երկրպագուներին:

Պոկումից հետո Մկրտչյանը 4-րդն էր, բայց ծանրորդն անչափ ուժեղ ու վստահ էր հրում վարժությունում, կատարեց 2 հաջող մոտեցում՝ 201 կգ, 207-ով Մ-23 տարեկանների ռեկորդ սահմանեց: Հակոբյանը փայլեց Եվրոպայի առաջնությունում ու կանգնեց պատվոհարթակի 1-ին աստիճանին՝ Հայաստանի թիմին բերելով առաջին ոսկին:

Հաղթանակս նվիրում եմ իմ սիրելիներին, ամենակարեւորը հայրիկիս եւ բոլոր հայերին: Հիմնական մրցակիս հավասար պայքար ծավալեց, բայց ես վստահ էի ուժերիս: 3-րդ մոտեցումը չօգտագործեցի, քանի որ չեմպիոնությունս արդեն ապահովել էի:

Դավիթ Հովհաննիսյան (89 կգ)

Այս առաջնությունն առհասարակ առատ էր նորամուտը ԵԱ-ում նշող հայ ծանրորդներով: Նրանցից մեկն էլ Հովհաննիսյանն էր, որն առաջին անգամից էլ կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ: Ծանրորդն օգտագործեց բոլոր 6 մոտեցումներն ու արեց անհնարինը՝ բարձրացնելով այնպիսի կիլոգրամներ, որոնք չէր հաջողվել մարզումների ընթացքում:

Պոկումում Մ-20 տ. չեմպիոնը165 կգ-ով փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ 2-րդ մեդալը երկամարտում էր՝ 360 կգ:

Շատ դժվար էր, գիտեի, որ պետք է պայքարել, քանի որ մեդալ նվաճելու շանս կար: Ամեն ինչ օգտագործեցի, ողջ ուժերս ներդրի, որ կարողանամ մեդալակիր դառնալ: Շատ ուրախ եմ, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների մրցումներին ու մեդալ նվաճեցի:

Սամվել Գասպարյան (102 կգ)

Հայաստանի ընտրանու միակ արծաթե մեդալը Սամվել Գասպարյանինն է՝ Յուրի Վարդանյանի քրոջ թոռանը: Հենց լեգենդար ծանրորդին էլ իր մեդալը նվիրեց Գասպարյանը:

Սակայն մինչ պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնելը նա բավական նյարդային րոպեներ պարգեւեց: Պոկումում միայն 3-րդ անգամից կարողացավ ֆիքսել 168 կգ-ը՝ համառ ու ինքն իր հետ անզիջում պայքարում: Հրումում էլ մեկ մոտեցում կատարեց ու 377 կգ-ով 2-րդ տեղը գրավեց:

Առավելագույնս չմասնակցեցի, երեւի մի քիչ լարվածությունը խանգարեց ինձ: Սրանից հետո կձգտեմ մեդալի գույնը փոխել ու ոսկի դարձնել: Հաղթանակս նվիրում եմ լեգենդար Յուրի Վարդանյանի հիշատակին, ես նրա դրոշով էի հանդես գալիս:

Արսեն Մարտիրոսյան (102 կգ)

Նույն քաշային կարգում հանդես եկավ նաեւ Մարտիրոսյանը: Նա պոկումը սկսեց 160 կգ-ից, ապա իրեն ենթարկեց 168 կգ-ը: Հրումում նրա միայն մեկ փորձն էր հաջող ու Մարտիրոսյանը 368 կգ-ով ելույթն ավարտեց 6-րդ տեղում:

Սիմոն Մարտիրոսյան (109 կգ)

Փոքր եղբորից հետո մրցահարթակ դուրս եկավ նաեւ մեծը: Օլիմպիական խաղերի արծաթե, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոնն ակնհայտ առաջատար էր ու դրանում ոչ մեկին կասկածելու առիթ չտվեց:

Իրեն հատուկ ոճով՝ ժպիտը դեմքին, ծանրաձողի վրա գոռալով էլ նա 3 ոսկե մեդալ նվաճեց: Պոկումում 192-ով, հրումում՝ 235: Մարտիրոսյանը 2-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եվս մեկ անգամ ոսկե մեդալ նվաճեցի, հաղթանակն ինձ հեշտ տրվեց, կարող էի նույնիսկ 2-րդ մոտեցումը չկատարել: 2-րդը եկա, որպեսզի մրցակիցներիս ապացուցեմ, որ ինչքան էլ բարձրացնեն, միեւնույն է ես եմ հաղթելու:Իմ հաղթանակը ողջ հայ ժողովրդինն է ու բոլոր այն մարդկանցը, ովքեր օգնում են ինձ:

Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ)

Ալեքսանյանը ծանրաձողը բարձրացնելուց առաջ երկար է պատրաստվում, ամենաչնչին աղմուկն էլ խանգարում է ծանրորդին: Իսկ գերծանր քաշայինների պայքարին Բաթումիում լեփ-լեցուն դահլիճն էր հետեւում: Այդ երեկո հանդես էր գալիս Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:

2 վրացիների հետ 2 հայեր էին պայքարում, ցավոք, նրանից միայն մեկը մեդալակիր դարձավ: Ռուբեն Ալեքսանյանը կարողացավ կենտրոնանալ, երկամարտում նա գրանցեց 440 կգ արդյունք ու բրոնզե մեդալակիր դարձավ՝ ԵԱ-ներում աչքի ընկնելով 5-րդ անգամ:

Կարծում եմ 2 տարվա դադարից հետո վատ չէ, բայց այդքան էլ գոհ չեմ իմ ելույթից: Աշխարհի առաջնությունից սպասում եմ շատ կիլոգրամներ ու ավելի լավ հարկի մեդալ: Երկար դադարից հետո սպասված մեդալ էր, շատ էի աշխատել այս արդյունքին հասնելու համար:

Գոռ Մինասյան (+109 կգ)

Մեդալային ակնկալիքները մեծ էին նաեւ Մինասյանից: Օլիմպիական խաղերի ու Աշխարհի արծաթե մեդալակրին ոտքի վնասվածքը խանգարեց լավ հանդես գալ: Նա համոզված էր, որ մինչ ԵԱ այն կապաքինվի, ցավից չէր խոսում ու չէր ցանկանում դրա վրա ուշադրություն սեւեռել:

Սակայն պոկման հենց առաջին մոտեցման ժամանակ վնասվածքը զգացնել տվեց: Մինասյանը մեծ ջանքերի գնով պահեց 200 կգ-ը, հրում էլ 222 կգ գրանցեց, բայց 3-րդ մոտեցումից հրաժարվեց: ԵԱ-ում բավարարվեց միայն փոքր բրոնզե մեդալով:

Վնասվածքը շատ խանգարեց: ԵԱ մեկնելուց մի 20 օր առաջ մրցումների ժամանակ ոտնաթաթս էի վնասել, եթե մի 10 օր էլ ունենայի, ամեն ինչ նորմալ կլիներ:Արդյունքիցս գոհ չեմ, քանի որ պոկումի իմ գրանցած կիլոգրամները հրման ժամանակ բարձրացրի, բայց կապացուցեմ, որ ես դեռ կամ ու բարձունքում կլինեմ:

Կանանց հավաքական

Իզաբելա Յայլյան (59 կգ)

Ի տարբերություն տղամարդկանց ընտրանու, հայ ծանրորդուհիները ֆավորիտների կարգավիճակով չէին մեկնել Բաթումի: Նրանք փորձարկում էին ուժերն ու պայքարում արդյունքները բարելավելու համար:

Բաթումիում հայերից առաջինը հանդես եկավ Յայլյանը: Նա պոկում վարժությունում 96 կգ-ով փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ երկամարտում 5-րդն էր:

Պոկում վարժությունը լավ կատարեցի: Հրման ժամանակ սխալ թույլ տվեցի, ինչն էլ խանգարեց ավելի լավ հորիզոնական զբաղեցնել: Չեմ կարող ասել, թե ինչը խանգարեց, ոչ փորձի պակասն էր, ոչ էլ լարվածությունը, պարզապես սխալվեց

Լիանա Գյուրջյան (81 կգ)

Ծանրորդուհու համար ԵԱ-ն նույնպես առաջինն էր: Նա կարողացավ գլխավերեւում պահել 5 մոտեցում: Հրումում 120 կգ-ով փոքր արծաթե մեդալակիր դարձավ ու ելույթն ավարտեց 4-րդ տեղում:

Գոհ եմ իմ արդյունքներից: Ապագայում կփորձեմ լավացնել ցուցանիշս: Կաշխատեմ էլ ավելի բարձր կիլոգրամներ գրանցել հետագայում ու հաստատվել մեծահասակների պայքարում:

Տաթեւ Հակոբյան (87 կգ)

Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը եւս ելույթն ավարտեց փոքր մեդալով: Պակումը նրա կատարմամբ մի քիչ լարված ստացվեց: 105 կգ-ին մարզուհին 3 անգամ մոտեցավ՝առաջինը ձախողեց , 2-րդը մրցավարները չհաշվեցին եւ միայն 3-րդ անգամից գրանցեց այն ու փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Երկամարտի 230 կգ արդյունքով ծանրորդուհին գրավեց 4-րդ տեղը:

Ինքս ինձնից ավելին էի սպասում, որովհետեւ իսկապես կարող էի շատ կգ-ներ բարձրացնել: Միգուցե, տեմպը չկարողացա պահել: Պոկում վարժության 2-րդ մոտեցումն ամեն ինչ փչացրեց:Ապագայում հույս ունեմ պատվոհարթակի ամենաբարձր աստիճաններին կանգնել:

Արփինե Դալալյան (+87 կգ)

Կանանց թիմի կազմում վերջին ելույթը Դալալյանինն էր: Պոկում վարժությունում նա օգտագործեց երկու մոտեցում՝ գլխավերեւում պահելով 105 կգ: Դալալյանը հրումում միայն մեկ փորձ հաջող կատարեց եւ բարձրացրեց 135 կգ։ Երկամարտի 240 կգ արդյունքով նա ելույթն ավարտեց 4-րդ տեղում։
https://sport.mediamax.am/am/news/articles/33164/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Մեդալներ ու ռեկորդներ Բաթումիից. Ստացված Եվրոպայի առաջնությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ