«Վաղուց ոչ ոք չի դնում ոսկուց ատամներ»

Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք ատամնաբույժ Արսեն Վարդանյանի հետ:

— Ինչո՞ւ են մարդիկ վախենում ատամնաբույժից:
— Ճիշտ են անում:): Չէ, իհարկե, կատակում եմ: Հիմնականում առաջին այցի ժամանակ են վախենում, բայց երկրորդ այցից հետո սովորական է դառնում, վախն անցնում է: Սկզբում բոլորը պարտադիր հարցնում են՝ «Ցավո՞տ է լինելու», որովհետեւ հիմնականում վախենում են ցավից: Բայց երկրորդ այցից հետո էլ չեն վախենում: Եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, յուրաքանչյուր այցելուի յուրովի մոտեցում է ցուցաբերում, խոսում է նրա հետ նախքան պրոցեդուրան սկսելը, բացատրում է, թե ինչ է արվելու, ու էլ չեն վախենում: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում, այլ աշխատանքով զբաղվելիս: Այո, կան այցելուներ, որոնք քեզնից էներգիա են տանում, բայց նաեւ կան այնպիսիք, որոնք դրական լիցքերով են լցնում քեզ:

— Ինչպե՞ս խնամել ատամները:
— Տարին երկու անգամ պետք է այցելել ատամնաբույժի, որպեսզի մասնագետը տեսնի, թե ինչ խնդիրներ կան, կա՞ն արդյոք կարիեսային խոռոչներ եւ այլն: Պետք է օրվա մեջ երկու անգամ ատամները լվանալ խոզանակով՝ առավոտյան եւ երեկոյան, մաքրել հատուկ թելերով, որպեսզի ուտելիքի մնացորդները չմնան ատամների արանքում: Սա բավարար է:

— Խոզանակի ընտրության մասին շատ է խոսվում, իսկ ինչպե՞ս ընտրել ատամի մածուկը:
— Օհ, դա բարդ է: Ինքս էլ չեմ կարողանում ընտրություն կատարել:): Միջազգային կոնֆերանսների ժամանակ ամեն մեկը գովում է իր արտադրանքը, կդժվարանամ ասել, թե որն է լավը: Բայց խորհուրդ կտամ այս հարցով էլ խորհրդակցել ատամնաբույժի հետ: Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը՝ մեկը լնդերի հետ կապված, մյուսը՝ զգայունության, եւ պետք է ընտրել համապատասխան մածուկ:

— Ատամի այն մածուկները, որոնց վրա գրված է՝ «սպիտակեցնող», իսկապե՞ս սպիտակեցնում են:
— Դրանք պահպանում են սպիտակությունը, բայց դեղնավուն ատամները չեն ճերմակեցնում

— Ատամի քանի՞ գույն կա:
— Հիմնականում 4-5 երանգ կա: Ըստ Վիտայի սանդղակի` կա ատամների 4 գույն, որոնք էլ բաժանվում են ենթատեսակների: A-ն բաժանվում է 4 գույնի, իսկ B, C, D-ն` երեքական գույնի:

— Բնության մեջ կա՞ն շատ սպիտակ ատամներ, այսպես կոչված՝ «հոլիվուդյան ժպիտ»:
— Սպիտակ ատամներ բնության մեջ չկան: Դրան հնարավոր է հասնել միայն սպիտակեցման արդյունքում կամ «վինիրների» շնորհիվ: Իսկ «հոլիվուդյան ժպիտներ»` հավասար, գեղեցիկ ատամներ, իհարկե, կան, եւ պարտադիր չէ, որ դրանք լինեն սառնարանային սպիտակության:

— Դեղնավուն ատամները առո՞ղջ չեն:
— Ատամի գույնն առողջության մասին չի վկայում: Մարդը կարող է ունենալ սպիտակ ատամներ, բայց միաժամանակ ունենա կարիես, ատամնաքարեր, եւ հակառակը: Սպիտակությունը դեռ առողջություն չէ:

— Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները:
— Տարիներ առաջ այս խնդիրն իսկապես կար, մարդիկ չգիտեին, թե ինչպես է պետք մաքրել ատամները, ձեռքի ինչ շարժումներով է պետք շարժել խոզանակը: Այնինչ ճիշտ մաքրելը շատ կարեւոր է: Ատամները պետք է լվանալ վերեւից ներքեւ՝ շրջանաձեւ շարժումներով, եւ չմոռանալ լեզուն մաքրելու մասին, ինչը շատ կարեւոր է: Լվանալուց հետո պետք է ողողել բերանը հատուկ հեղուկների միջոցով, իսկ այնտեղ, որտեղ խոզանակը չի հասնում, օգնության են գալիս հատուկ թելերը:

— Ի՞նչ եք ասում նրանց, ովքեր դժգոհում են Ձեր կատարածք աշխատանքից:
— Անկեղծ ասած` նման դեպք չի եղել, որ դժգոհեն: Չգիտեմ՝ ինձնից է, թե այցելուից, բայց չեն դժգոհում:

— Ինչո՞ւ է ատամնաբույժի աշխատանքը թանկ:
— Նախ` թանկ են նյութերը, գործիքները, եւ հետո կատարվում է հսկայական աշխատանք: Սա միկրովիրահատություն է, որը պահանջում է զգոնություն, պատասխանատվություն:

— Ինչպե՞ս է ստացվում, որ ատամնաբույժները ատամի մեջ գործիք են թողնում:
— Դա կարող է պատահել բոլորի հետ: Հիմնականում դա լինում է, երբ ասեղանման բարակ գործիքով հեռացվում է ատամի նյարդը: Երբ գործիքը մաշված է լինում, շատ է բարակում, կարող է կոտրվել ատամի արմատի մեջ: Այցելուն դա կարող է չզգալ, միայն ռենտգենից հետո է պարզ դառնում, որ արմատի մեջ օտար մարմին կա:

— Իմաստության ատամը իմաստության նշա՞ն է:
— Ոչ, դա միֆ է:): Ամեն մեկի մոտ իմաստության ատամները տարբեր տարիքում են դուրս գալիս: Մեկինը` 19-ում, մյուսինը` 39-ում, իսկ կան մարդիկ, ովքեր այդպես էլ իմաստության ատամներ չեն ունենում. դրանք մնում են լնդի մեջ:

— Ո՞ւմ ատամների վրա են սովորում ատամնաբույժները:
— Գոյություն ունեն հատուկ մանեքեններ, գիպսից մոդելներ: Բայց հիմնականում ատամնաբուժությունը փոխանցվում է ժառանգաբար՝ ծնողներից երեխաներին, ու այնպես է ստացվում, որ մանկուց տեսնում ես, թե ինչպես է դա արվում:

— Երիտասարդ ատամնաբույժներին պե՞տք է վստահել:
— Միանշանակ: Ասեմ, թե ինչու: Երիտասարդները քայլում են ոլորտի զարգացմանը զուգընթաց, տեղյակ են նորամուծություններից, նոր տեխնոլոգիաներից: Չեմ ժխտում, որ մենք փորձառություն ենք ձեռք բերել, սովորել ենք ավագ սերնդից, բայց տարիքը պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի որակի հետ քիչ կապ ունի: Երիտասարդներն իրենց վրա աշխատում են, մասնակցում են գիտաժողովների, մեկնում են սեմինարների, նոր նյութերին, տեխնոլոգիաներին են ծանոթանում ու նոր մոտեցումներ են սովորում:

— Սուրճն ու ծխախոտը վնա՞ս են ատամներին:
— Բոլոր ուտելիքներն ու խմիչքները պարունակում են ներկանյութ, բոլորն էլ վնաս են:

— Որտե՞ղ են ոսկուց ատամները:
— Չգիտեմ, վաղուց ոչ մեկը չի ուզում ոսկուց ատամ գցել:): Հավանաբար, այլեւս նորաձեւ չեն: Իմ աշխատանքային պրակտիայում մեկ դեպք է եղել, որ ոսկուց շապիկ եմ հեռացրել: Չգիտեմ՝ ինչ են արել շապիկը, բայց տարել են իրենց հետ:): Ոսկու հետ շատ դժվար է աշխատելը:
https://bravo.am/news/%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE___%D5%8E%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D6%81_%D5%B8%D5%B9_%D5%B8%D6%84_%D5%B9%D5%AB_%D5%A4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%B8%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82%D6%81_%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80__81466

Be the first to comment on "«Վաղուց ոչ ոք չի դնում ոսկուց ատամներ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ