Ֆելիքս Ցոլակյան. Ահազանգը պետք է դառնա փրկարարի գլխավոր զենքը

Ապրիլի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն:
ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին: Հնչեցված զեկույցներից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են ՀՓՋ-ներում առկա գույքային և շենքային պայմաններին, անձնակազմի հետ աշխատանքին և կարգապահության ապահովմանը:
Նախարարը նախանշեց մայրաքաղաքում և յուրաքանչյուր մարզային վարչությունում առկա խնդիրները, ինչպես նաև աշխարհագրական դիրքի, եղանակային պայմանների, տնտեսական և արդյունաբերական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ աշխատանքային առաջնահերթությունները: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ մարզերում հենակետերի բաշխվածությանը, ՓԾ ստորաբաժանումների պատշաճ պատրաստությանը, անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարգադրեց հնչեցված մտահոգություններին տալ առարկայական լուծումներ: Նախարարը մտահոգություն հայտնեց Երևանի ՀՓՋ-ների տեխնիկական ապահովվածության հարցով և նշեց, որ սպասվող օժանդակության ժամանակ ջոկատները կհամալրվեն անհրաժեշտ տեխնիկայով:
«Երևանում այսօր առկա են լրջագույն խնդիրներ: Մենք փաստացի մայրաքաղաքում նստած ենք «վառոդի տակառի» վրա: Այստեղ են տեղակայված քիմիական արդյունաբերության և այլ հնարավոր աղետածին գործունեություն իրականացնող ձեռնարկություններ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բազմաբնակարան շենքերի անվտանգության հետ կապված խնդիրներին: «Հարցն ամենևին շենքերի վերին հարկեր հասանելիություն ապահովող տեխնիկայի առկայությունը չէ:
Աշխարհում կան 100-200 հարկանի շենքեր և այս կառույցներում անվտանգության ապահովման միակ լուծումը՝ շինարարության ընթացքում անվտանգության հետ կապված խնդիրների բացառումն է և հակահրդեհային համակարգերի առկայությունը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Բացի այդ, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, առկա է շենքերին տեխնիկա մոտեցնելու խնդիրը: «Մայրաքաղաքի կենտրոնում միմյանց չափազանց մոտ կառուցված են շենքեր, և անհրաժեշտության պարագայում, հրշեջ մեքենան ուղղակի չի կարող մոտենալ նրանցից որևէ մեկին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Առանձնահատուկ խնդիր է նաև խցանումները, և առավել ծանրաբեռնված ժամերին մարտական հաշվարկն առևույթ մոտակայքում գտնվող դեպքի վայր կարող է հասնել միայն տևական ժամանակ հետո: Անդրադառնալով փրկարարների աշխատանքին՝ մասնավորապես, արհեստավարժության ապահովմանը, նախարարը հանձնարարեց, որ առկա խնդիրների վերաբերյալ վերլուծությունները, նախանշված լուծումներով, ինչպես նաև հանձնարարականներով, հասցվեն բոլոր ստորաբաժանումներին:
Նախարարը մտահոգություն հայտնեց նաև հանրային մարդաշատ վայրերում անվտանգության ապահովման վերաբերյալ: «Ներկա պահին մայրաքաղաքի հանրային մարդաշատ օբյեկտներում աղետի դեպքում իրական գործող և աշխատող տարհանման մեխանիզմ գոյություն չունի:
Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ առկա է գեղեցիկ և մանրակրկիտ տարհանման պլան, սակայն ցավոք այն միայն թղթի վրա է»,- ասաց նախարարը: Խորհրդակցության ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց նաև սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին, շեշտելով, որ դրանք միտված են լինելու ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
ԱԻՆ-ը, ըստ նախարարի, որպես զարգացման ուղենիշ պետք է գնա ոչ թե հետևանքի վերացման, այլ դեպքերի կանխարգելման ճանապարհով: «Շատ կարևոր տեղ է տրվելու դեպքերի կանխարգելմանը: Այս գործում շատ կարևոր դերակատարում ունեն քաղպաշտպանության և բնակպաշտպանության վարչությունները»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ըստ նախարարի՝ այս խնդրի իրականացման ճանապարհին ԱԻՆ աշխատակիցների գլխավոր զենքը նախաձեռնողականությունն է և որպես արդյունք՝ հայտնաբերված թերությունների մասին ահազանգն ու բարձրաձայնումը: Նախարարը, հղում կատարելով, փրկարար ծառայության մասին օրենքին, նշեց, որ կառույցի աշխատակիցները իրավասու են մտնել ցանկացած հաստատություն և պահանջել անվտանգության ապահովման բոլոր փաստաթղթերը, դիտարկել առկա թերությունները:
Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ը պարտավոր է հայտնաբերել և բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները: «Դա կլինի, թերևս, մեր ամենամեծ և ամենակարևոր գործը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը կարգադրեց նաև տարածքային փրկարար վարչությունների ղեկավարներին ակտիվորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ, մասնավորապես, գույքային և շենքային պայմանների բարելավման հարցերով՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը կտա ցանկալի արդյունք: Նախարարն ընդգծեց կառույցներում կարգ ու կանոնի խստագույնս պահպանումը և շեշտեց, որ թերությունների հայտնաբերման դեպքում կարող են լինել կադրային լուծումներ:
https://shamshyan.com/hy/article/2019/04/12/1122183/

Be the first to comment on "Ֆելիքս Ցոլակյան. Ահազանգը պետք է դառնա փրկարարի գլխավոր զենքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ