Պատերազմը նաև պետական ապարատների բախում է, ուստի ցանկացած ցնցում, ազդում է երկրի պաշտպանողականության վրա. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը սպառազինության մրցավազքին վերջ տալու կամ ընդմիջում վերցնելու միտում չունի: Եվ մինչ մենք ՀՀ-ում խոսում ենք բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին, Ադրբեջանը մեկ վայրկյան անգամ չի դադարել պատրաստվել պատերազմին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Մեր բնակչությունը միշտ էլ պատրաստ է խաղաղության, հարցն այն է, որ մեզ փորձում են պատրաստել զիջումների: Բայց արդյո՞ք այդ զիջումները մեզ համար ընդունելի են, և այն, ինչ փորձում են մատուցել որպես խաղաղություն, հարց է՝ ի՞նչ է դրա գինը: Երկրորդ՝ արդյո՞ք դա կբերի խաղաղության, թե՞ հակառակորդին մեր դեմ գործելու ավելի լավ դիրքեր և հնարավորություններ կտա»,-ընդգծեց նա:

Ըստ Վրթանեսյանի՝ պատերազմը նաև պետական ապարատների բախում է:

«Մի բան պիտի լավ հասկանանք՝ ցանկացած պատերազմ նաև պետական ապարատների բախում է՝ սկսած նրանից, թե մոբիլիզացիան որքան արագ է կատարվում: Ապրիլյան պատերազմի ժամանակ, որքան էլ արդարացի համարենք որոշ քննադատություններ ԵԿՄ-ի հասցեին, նրանք կարողացան առաջին 2-3 օրում կամավորներ հասցնել առաջին գիծ և երկրորդական նշանակության ուղղություններում հերթապահել՝ ազատելով լրացուցիչ ուժեր, որոնք կենտրոնացվում էին առավել կարևոր գործողությունների համար: Հիմա այսօր կա՞ այդ ռեսուրսը, թե՞ ոչ: Մենք պետք է հասկանանք, որ պետական ապարատի ցանկացած ցնցում, ազդում է երկրի պաշտպանողականության վրա: Կառավարության կազմի փոփոխությունը նույնիսկ հանգիստ պայմաններում դանդաղեցնում է պետական ապարատի աշխատանքը: Իսկ ռազմական գործողություններն այնպիսի իրավիճակ են, որ մաքսիմալ մոբիլիզացիա են պահանջում: Այսօր պատրա՞ստ է ՀՀ պետական ապարատը նման բաներին դիմագրավելու, թե՞ ոչ, քանի որ այսօրվա պատերազմը կարող է օրեր տևել, կարող է և շաբաթներ: Մեր խնդիրն է՝ միշտ պատրաստ և զգոն լինել, մենք անմարդաբնակ կղզում չենք՝ պաշտպանված արտաքին ուժերից, երբ մեր ներքին հարցերը միայն մեր հարցերն են»,-շեշտեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ունեցած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին համարժեք ունենալուն կամ որքանո՞վ է ՀՀ-ի ձեռքբերած «Իսկանդերը» դրան համարժեք պատասխան՝ Վրթանեսյանը նշեց, որ «Իսկանդերը» հակակշիռ է:

«Այո, լուրջ հակակշիռ է: Ադրբեջանը «Պոլոնեզ» և «Լորա» հրթիռային համակարգերը գնեց՝ որպես հակակշիռ «Իսկանդերին»»,-ընդգծեց Վրթանեսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Սու-30 կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությանը՝ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը նշեց, որ եթե հայկական կողմը կարողանա առավել արդյունավետ շահագործել և ինտեգրել եղած զինուժին, ապա այդ կործանիչները մեծ առավելություն կարող են տալ:

«Պարզապես 4 թիվը բավականին փոքր է, կային խոսակցություններ, որ 12 կործանիչ պիտի գնեինք, այդ դեպքում ամեն ինչ ավելի լավ կլիներ: Սու-30-ի ռիսկայնությունը հետևյալն է՝ կա տեղակայման վայրի խնդիր, որովհետև հակառակորդի համար խոցելի տեղերում են մեր ռազմական օդանավակայանները, հիմնականում՝ «Էրեբունի» օդակայանը, երկրորդ՝ եթե մենք ենք կարողանում առաջին հարվածը հասցնել, այս դեպքում Սու-30 կործանիչները մեծ դեր կարող են ունենալ, բայց քանի որ մեր ստանալիք Սու-երը քիչ են, ուստի, եթե մի քանիսը կորցրեցինք, կմնանք առանց դրանց: Ռիսկը շատ է, բայց եթե արդյունավետ օգտագործենք, լավ կլինի, բայց եթեների հարց կա»,-ասաց Կարեն Վրթանեսյանը:
http://www.yerkir.am/news/view/169408.html

Be the first to comment on "Պատերազմը նաև պետական ապարատների բախում է, ուստի ցանկացած ցնցում, ազդում է երկրի պաշտպանողականության վրա. Կարեն Վրթանեսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ