«Չեմ կեղծել Սրբուկի կերպարը». եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսոր

Արդեն երեք օր է` Սրբուկի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը համացանցում է եւ հասցրել է մոտ 600 000 դիտում գրանցել մրցույթի յութուբյան պաշտոնական էջում: Հոլովակի մեկնաբանություններում իրենց կարծիքն են հայտնել բազմաթիվ ունկնդիրներ աշխարհի տարբեր երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսրայել եւ նույնիսկ Ադրբեջան: Բոլոր այս մեկնաբանություններում դժվար կլինի գտնել գեթ մեկ բացասական կարծիք երգի, տեսահոլովակի կամ կատարման մասին: Իսկ թե ինչպես են ընթացել «Walking Օut» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, պարզել է հոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ զրույցում:

Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ Արթուր Մանուկյանին է վստահվում Հայաստանի եվրատեսիլյան երգերի տեսահոլովակները, ինչպես նաեւ «Մանկական Եվրատեսիլ» ու «Դեպի Եվրատեսիլ» նախագծերի մի քանի հոլովակներ: Այս անգամ եւս ռեժիսորն առաջարկը ստացել է Հանրային հեռուստաընկերության կողմից եւ սիրով համաձայնել է կրկին համագործակցել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության հետ: Նրա խոսքով՝ տեսահոլովակի վրա շատ մեծ թիմ է աշխատել, եւ միասին փորձել են փոխանցել այն տրամադրությունն ու հոգեվիճակը, որ կան Սրբուկի կատարման մեջ:

«Երբ առաջին անգամ երգը լսեցի, միանգամից մտքիս եկան այն պատկերներն ու սիմվոլները, որ արդեն տեսնում եք հոլովակում: Սրբուկի կերպարը ստիպում է աշխատանքին հենց այդպիսի պարզությամբ մոտենալ, այսինքն՝ չենք փորձել սցենարական բարդ լուծումներ մտածել եւ այլն: Սիմվոլներն էլ, եթե նկատել եք, շատ պարտադրողական չեն, հարաբերական են, աներեւույթ, այսինքն՝ ամեն մարդ յուրովի կարող է ընկալել ու մեկնաբանել դրանք: Իհարկե, հոլովակի ընդհանուր կառուցվածքում մեծ տեղ ունի նաեւ Սրբուկի ոճային մոտեցումը»,- ընդգծեց ռեժիսորը:

Արթուր Մանուկյանն ասաց, որ առաջին անգամ էր աշխատում Սրբուկի հետ, ու չնայած դրան՝ իրենց համագործակցությունը միանգամայն հարթ է ընթացել՝ առանց կոնֆլիկտների, լարվածության ու տարաձայնությունների.«Ամեն ինչ եղել է պրոֆեսիոնալ քննարկումների մակարդակում: Ես Սրբուկին հնարավորինս թողել եմ իր տեսակի ու էներգետիկայի մեջ, որպեսզի մի ուրիշ, կեղծ կերպար չկառուցեմ: Դրա համար փորձել եմ նրանից վերցնել այն, ինչ կա իր ներսում, ինչ տվել է երգի միջոցով: Ասեմ նաեւ, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ տեւել են երկու օր»:

Արթուր Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում ինչ արձագանքներ է ստացել հոլովակի վերաբերյալ, ինչ կարծիքներ է լսել գործընկերներից եւ մյուս երաժշտասերներից.«Շատ անկեղծ ասեմ՝ բացասական որեւէ կարծիք չեմ կարդացել համենայն դեպս տեսահոլովակի հետ կապված՝ ի ուրախություն ինձ: Իսկ երգի հետ կապված լսել եմ տարբեր կարծիքներ թե՛ պրոֆեսիոնալ, եւ թե՛ ոչ պրոֆեսիոնալ հանրության կողմից: Ինչը շատ նորմալ է. ճաշակի հարց է: Կարծում եմ՝ սա այն երգն է, որը նախ Եվրոպան պիտի ընկալի եւ հետո՝ Հայաստանը. սա այն երգն է, որով մենք ներկայանում ենք հենց Եվրոպային: Ինձ համար այն էներգիայով լի երգ է եւ միանգամայն տարբերվում է նախորդ 8-9 տարիների մասնակիցների երգերից: Սրբուկն էլ, չլինելով շատ հայտնի երգչուհի, կարողանում է ներկայանալ բարձր արտիստիզմով ու պրոֆեսիոնալիզմով: Այդ առումով համոզված եմ, որ մենք ամենաքիչը թոփ-տասնյակում լինելու ենք»,- ասաց ռեժիսորը:

Իսկ թե արդյո՞ք այսքանով ավարտվում է նրա աշխատանքը «Եվրատեսիլ 2019»-ի շրջանակում, Արթուր Մանուկյանը չցանկացավ փակագծերը բացել: Ասաց՝ դեռ վաղ է այդ մասին խոսել եւ հույս հայտնեց, որ իր համագործակցությունն առհասարակ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության հետ կշարունակվի նաեւ հետագայում, եւ իրեն դեռ կտեսնենք այլ նախագծերում նույնպես:
https://bravo.am/news/_%D5%89%D5%A5%D5%B4_%D5%AF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A5%D5%AC_%D5%8D%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB_%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%A8___%D5%A5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%BC%D5%A5%D5%AA%D5%AB%D5%BD%D5%B8%D6%80_64786

Be the first to comment on "«Չեմ կեղծել Սրբուկի կերպարը». եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսոր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ