Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը Արցախի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն ուղղված էր առաջին հերթին Հայաստանին, որքան էլ տարբեր մեկնաբանություններով փորձ է արվում ներկայացնել, թե դա այդպես չէ։
Հայտարարությունը պատասխան էր ղարաբաղյան հարցում Հայաստանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նախաձեռնությանը։ Համանախագահներն արձանագրեցին, որ առնվազն այս պահին դա իրատեսական չէ։ Հայաստանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մնում էր երկու տարբերակ՝ կամ նահանջել իր իսկ նպատակադրումից, կամ վերահաստատել այն։

Փաշինյանը, ինչպես և կարելի էր սպասել, ընտրեց երկրորդ տարբերակը՝ Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կրկին հայտարարելով, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը ընտրողների կողմից իրեն տրված մանդատի շրջանակներում ստանձնած պարտավորություն է։ Ակնհայտ է, որ շատ ավելի բացասական կլիներ իրավիճակը, եթե համանախագահների հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվեր իր իսկ նպատակադրումից։ Մյուս կողմից, սակայն, դրական լինելով հանդերձ, Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակադրումը պարունակում է նաև որոշակի բացասական նրբերանգներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից ու Ստեփանակերտի ԱԽ նիստից հետո Հայաստանի և համանախագահության միջև փաստացի ձևավորվել է դիմակայության ռեժիմ։

Այո, դա, բարեբախտաբար, կոշտ դիմակայություն չէ, այդուհանդերձ հակադրություն է, որը ժամանակի մեջ չլուծվելու դեպքում կարող է բացասական հետևանքներ ունենալ մեզ համար։ Իսկ ի՞նչ է պետք անել համանախագահների հետ այդ հակադրությունն ի շահ մեզ հանգուցալուծելու համար։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին լայնածավալ դիվանագիտական աշխատանք, ամենօրյա աշխատանք, տքնաջան աշխատանք։ Ակնհայտ է, որ դա պետք է ենթադրի առաջին հերթին աշխատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ առանձին-առանձին և համալիր ռեժիմում։ Երկրներից յուրաքանչյուրը դիվանագիտական խողովակներով, խորհրդարանական հարթակներով ու լոբբիստական շրջանակներով պետք է տեղեկացվի Հայաստանի որոշման, դրա հիմնավորումների ու փաստարկների մասին։ Դա, կրկնում ենք, տքնաջան ու լայնածավալ դիվանագիտական աշխատանք է։ Այսպիսով, մեր արտգործնախարարությունից ու դիվանագիտական կորպուսից ստեղծված իրավիճակից շահած դուրս գալու համար պահանջվում է գերակտիվություն։ Եվ ուրեմն, գլխավոր հարցն այն է՝ ունա՞կ է արդոք մեր արտաքին քաղաքականությունը, մեր դիվանագիտությունը վարելու այդ աշխատանքը։ Այդ հարցին պատասխանելու համար բավական է վերհիշել անցած տասն ամիսներին մեր դիվանագիտության «ձեռքբերումները»։ Իրականում ձեռքբերումներ, որպես այդպիսիք, չկան, եթե, իհարկե, ձեռքբերում չհամարենք Հայաստանի շահերի տեսանկյունից չափազանց խոցելի քայլերը, ինչպես, օրինակ, Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու փաստը, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել մեր արևմտյան գործընկերների շրջանում։

Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուծել է մեկ գերխնդիր՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի դոմինանտության ապահովումը։ Արտաքին քաղաքական, դիվանագիտական բոլոր նախաձեռնությունների հիմքում դրված է եղել ու է՛ հենց այդ սկզբունքը։ Նույնը վերաբերում է նաև այլ գործընկերների հետ մեր հարաբերություններին, որոնք կառուցվել են Ռուսաստանի շահերի հաշվառմամբ։ Ի՞նչ արդյունք ենք ստացել մենք այդ քաղաքականությունից, շատ դժվար է ասել։ Փոխարենը, նույն Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում ստորագրել է ոչ հայանպաստ այդ հայտարարության տակ։

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, ընդհանրապես Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար Հայաստանը պետք է հնարավորինս շատ դաշնակիցներ գտնի աշխարհում։ Ինքը՝ Հայաստանը պետք է դառնա հնարավորինս մեծ թվով երկրների դաշնակիցն այնպես, որ Հայաստանի խնդիրները համարվեն նաև այդ երկրների խնդիրները։ Ավելի լայն իմաստով, Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար մենք պետք է դաշնակից դարձնենք ողջ միջազգային հանրությանը, որպեսզի խնդրի՝ ոչ հայանպաստ լուծումը համարվի ոչ նպաստավոր լուծում բոլոր հիմնական խաղացողների համար։ Այդ նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է համարժեք դիվանագիտություն՝ սկսած արտգործնախարարով, վերջացրած դեսպաններով ու այլ դիվանագիտական այլ ծառայողներով։ Ակնհայտ է, որ արտգործնախարարության ներկայիս կադրային ռեսուրսները այդ նպատակի համար բավարար չեն։ Այնպես որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նման բարձր նշաձող սահմանելով ղարաբաղյան հարցում, պետք է ապահովի համապատասխան ու համարժեք արտաքին քաղաքականություն ու դիվանագիտական աշխատանք։ Այլապես դրանք կմնան սոսկ նպատակադրումներ, որոնք ավելի կխորացնեն Հայաստանի ու միջազգային հանրության միջև առաջացած խզումը։
https://www.1in.am/2523241.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը Արցախի հարցում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ