Յունկեր. «Ուզում ենք, որ հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի»

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, ասել է.

«Եվրոպական միությունը մեր առանցքային առեւտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք եւ պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը: Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ պետք է շարունակենք եւ ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` մեր կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները եւ դարձնել ավելի արդյունավետ:

ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարեւորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն: Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, մասնավորապես, ասել է.

«Վարչապետը բարեփոխումները եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում եւ մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ եւ՛ ֆինանսապես, եւ՛ քաղաքականապես:

Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար բարեփոխումների համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ եւ դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում: Մենք խոսել ենք նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են եւ հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել:

Մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարեւոր է եւ՛ Հայաստանի համար, եւ՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն եւ հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից եւ լավ ճանաչեն»:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին:

Նիկոլ Փաշինյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, ասել է.

«Մեր երկրում տեղի ունեցած դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանին ու Եվրամիությունը՝ արժեքների ընդհանրության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ:

Ես բարձր եմ գնահատում Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին: Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ»:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, մասնավորապես, ասել է.

«Ձեր կառավարության որդեգրած արժեքները եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին»:

Be the first to comment on "Յունկեր. «Ուզում ենք, որ հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ